Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին: Նա ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը իրականացվող բարեփոխումների համատեքստում: Նշելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել և որպես ԵԽ անդամ-պետություն՝ ՀՀ պարտավորությունների, և անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, Սերժ Սարգսյանը հավելել է, որ դեռևս բավականին աշխատանք կա, և մեր երկիրը հաստատակամ է շարունակել բարեփոխումները: Նախագահը հաջողություններ է մաղթել Դիդիե Ռեյնդերսին՝ իր կարևոր առաքելությունը՝ ԵԽ նախարարների խորհրդի նախագահությունը իրականացնելու գործում, որին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել:
Դիդիե Ռեյնդերսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ու ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ չափազանց գնահատում է սերտ ու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ: Նա գոհունակությամբ է խոսել Երևանում իր պաշտոնական հանդիպումների մասին, նշելով, որ ինչպես հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ շրջանակներում փոխգործակցությունը գերազանց են, և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել ջանքերը հարաբերություններն ամրապնդելու, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նշելով, որ տեղյակ է ընթացիկ տարին որքան կարևոր և առանձնահատուկ է Հայաստանի համար՝ հագեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներով, Դիդիե Ռեյնդերսը տեղեկացրել է, որ հանդիպումից հետո այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահը երախտագիտություն է հայտնել պարոն Ռեյնդերսին՝ օրերս Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին բարձր մակարդակով ԵԽ-ի մասնակցության, Ապրիլի 24-ին հիշատակի արարողությանը բելգիական պատվիրակության ներկայության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում անչափ շնորհակալ են ու բարձր են գնահատում Բելգիայի իշխանությունների և անձամբ պարոն Ռեյնդերսի ներդրումը Բելգիայի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցության օրակարգին, Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԽ աջակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Դիդիե Ռեյնդերսն ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում բարեփոխումների ճանապարհին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Դիդիե Ռեյնդերսը վերահաստատել է իր երկրի և նաև ԵԽ նախարարների խորհրդի նախագահի դիրքորոշումը՝ սատարել միջազգային մանդատ ունեցող միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: